Նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել կորոնավիրուսի տարածման և կանխարգելման ներկա իրավիճակի հետ կապված։ Նախագահն արձանագրել է, որ վիրուսի դեմ պայքարը շարունակվում է. «Մենք ապրում և աշխատում ենք արտակարգ դրության պայմաններում: Այդ պայմանները երբեմն կարող են խիստ թվալ: Սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ ձեռնարկվող գործողություններն անհրաժեշտ են: Անհրաժեշտ են կյանքեր փրկելու և ձեզնից յուրաքանչյուրի առողջության պահպանման եւ պաշտպանության համար։ Սա պայքար է անտեսանելի թշնամու դեմ: Պետք է գիտակցենք, որ ցանկացած դժվարություն ժամանակավոր է ու հաղթահարելի»,-նշել է նախագահը։
Արմեն Սարգսյանը շնորհակալական խոսքեր է հղել առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցներին, դասախոսներին, պետական համակարգի բոլոր աշխատողներին, գործարարներին, բոլոր այն ընտանիքներին, ովքեր մեկուսացած են իրենց տներում։ «Առանձնակի ցավ ու վիշտ եմ ապրում Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում մեր ժողովրդի զավակների կորստի համար: Ցավակցում եմ նրանց ընտանիքներին ու հարազատներին»,-հավելել է Նախագահը։
«Սիրելինե՛րս,
Կորոնավիրուսի թեստերից բացի մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում: Այդ թեստերի արդյունքներով պայմանավորված կլինի մեր վաղվա օրը:
Կորոնավիրուսը, վստահաբար, նահանջելու է։ Մենք կրկին անցնելու ենք բնականոն կյանքի: Ես սպասում եմ այդ օրվան, երբ տատիկներն ու պապիկները նորից կգրկեն իրենց թոռնիկներին, երբ մայրիկները իրենց փոքրիկներին կտանեն մանկապարտեզ, երբ ուսանողները կշտապեն համալսարան, իսկ աշակերտները՝ դպրոց, երբ երիտասարդները սիրելիների և ընկերների հետ կլցնեն զբոսայգիները, փողոցները, սրճարանները, մեր գյուղերն ու քաղաքները:
Այդ օրը, վստահաբար, գալու է: Սակայն մինչ այդ պետք է շարունակել լինել կարգապահ, պատասխանատու և կազմակերպված:
Եղե՛ք առողջ, եղե՛ք զգոն:
Եղե՛ք հոգատար ու սրտացավ:
Աստված պահապան բոլորիս…»,-եզրափակել է Նախագահ Արմեն Սարգսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







