Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմի տեղեկատվական ծառայությունը։
Հայաստանի և Վրաստանի նախագահները խոսել են կորոնավիրուսի համավարակի դեմ երկու երկրներում իրականացվող միջոցառումների, ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի և համավարակի հետևանքները հաղթահարելուն ուղղված միջոցառումների մասին:
Զրուցակիցները հատկապես ընդգծել են ստեղծված բարդ իրավիճակում երկու հարևան և բարեկամ երկրների միջև բոլոր մակարդակներով սերտ փոխգործակցության հաստատումն ու մշտական շփումները՝ շեշտելով, որ նման ճգնաժամային պահերին առավել, քան երբևէ կարևոր են դառնում համակարգված միջոցառումների իրականացումն ու համատեղ ջանքերի ներդրումը:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ հատկապես ստեղծված իրավիճակում շարունակում է արդիական մնալ սննդի անվտանգության խնդիրը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ներկայիս փոխկապակցված աշխարհում և տարածաշրջանում պարենային անվտանգության ապահովման և մի շարք այլ հարցերի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







