Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ամբողջությամբ անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի՝ սահմանելով բացառություններ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը՝ ներկայացնելով նախագիծը նշեց, որ գործող օրենսդրությամբ անձը հնարավորություն ունի ընտրություն կատարելու կենսաթոշակի վճարման եղանակի համար, իսկ փաթեթով առաջարկվում է ամբողջությամբ անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի:
«Օրենքով սահմանված են առանձնահատկություններ՝ առանձին կատեգորիայի անձանց համար: Մասնավորապես, նշված է, որ եթե կենսաթոշակառուի 75 տարին լրացել է կամ կենսաթոշակառուն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ է, կամ, այլ կերպ ասած, քաղաքացին ունի շարժունակության խնդիր, ապա նրա դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով»,-ասաց Սաիյանը:
Միաժամանակ հաշվի առնելով բանկային ենթակառուցվածքի հասանելիությունը հանրապետության տարածքում՝ կառավարությունն առաջարկում է անցման փուլային տարբերակ: Առաջարկվում է առաջին փուլում՝ 2020 թվականի հուլիսի 1-ից այս կանոնը տարածել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Դրանից հետո աստիճանաբար կտարածվի մնացած քաղաքներում, մեծ գյուղերում: Եվ 2023 թվականից այն արդեն կգործի նաև գյուղական այն բնակավայրերում, որտեղ կա 1000-ից պակաս բնակչություն:
Փոխնախարարը նշեց, որ կենսաթոշակների կանխիկ վճարումը անամեմատ ավելի թանկ է պետության համար, քան անկանխիկ վճարումը: 2020 թվականի մարտ ամսվա դրությամբ արդեն իսկ անկանխիկ եղանակով վճարվում է ընդհանուր կենսաթոշակների 53 տոկոսը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







