ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու մասին, հայտնում է Dailly mail-ը։ Թրամփն իր որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ ԱՀԿ-ն, իբր, ժամանակին չի տրամադրել տեղեկություններ կորոնավիրուսի մասին, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ չի ներկայացրել համաշխարհային հանրությանն այս վարակի մասին։
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը քննադատել է՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
«Այժմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ որևէ այլ մարդասիրական կազմակերպության գործունեության համար հատկացվող ռեսուրսները կրճատելու ժամանակը չէ, որը պայքարում է վիրուսի դեմ»,- ասված է Գուտերեշի հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է համատեղ գործի, որպեսզի կանգնեցնի համաճարակն ու վերացնի դրա ջախջախիչ հետևանքները:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ղեկավարը բազմիցս քննադատել էր ԱՀԿ-ին այն բանի համար, որ նա իբր չափազանց կենտրոնացած էր Չինաստանի վրա, թեև ֆինանսավորման առյուծի բաժինը ստանում է ԱՄՆ-ից:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները, կոչ է արել ձեռնպահ մնալ կորոնավիրուսի թեման քաղաքականացնելու փորձերից և Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործողություններից:
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն մարտի 11-ին նոր՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը պանդեմիա է ճանաչել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







