Թուրքական ոստիկանության ստորաբաժանումներն առաջին անգամ ակտիվ գործողություններ են իրականացրել Սիրիայի Իդլիբում նահանգում։ Այս մասին գրում է թուրքական «T24» լրատվական կայքը՝ հղում անելով «BBC» թղթակից Մուղիրա ալ-Շարիֆին, փոխանցում է ermenihaber-ը։
Նշվում է, որ թուրք ոստիկաններն Իդլիբում գործողություններ են իրականացրել տեղի ցուցարարների դեմ, որոնք ակցիա են կազմակերպել նահանգով անցնող Հալեպը Միջերկրական ծովին միացնող M-4 մայրուղու երկայնքով ռուս-թուրքական համատեղ պարեկային ծառայության անցկացման դեմ։
Հաղորդվում է, որ թուրքական ոստիկանությունը գործողություններ է կատարել պարեկային ծառայության երթուղու մի մասը փակած ցուցարարներին ցրելու նպատակով և դեպքի վայրից տեսանյութ ու լուսանկար հրապարակել։
Հիշեցնենք, որ Իդլիբում համատեղ պարեկություն իրականացնելու հարցում Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մարտի 5-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:
Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարներն Իդլիբում հրադադար հաստատելուց բացի պայմանավորվել էին, որ թուրքական և ռուսական զինվորական ստորաբաժանումները մարտի 15-ից պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2 կմ արևմուտք) — Այն ալ-Հավր հատվածում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







