ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց, այսօր առավոտյան 11։00-ի դրության կորոնավիրուսից առողջացել և դուրս է գրվել 6 զինծառայող։
«Չունենք առավել ծանր և ծանր վիճակում գտնվող զինծառայողներ»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ չեն կարող տեղեկատվություն տրամադրել մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների թվի մասին՝ ելնելով որոշ նկատառումներից։
Խոսելով ՌԴ-ից ՀՀ բերված շարժական լաբորատորիաներում նմուշառումների հետազոտության մասին՝ Սահակ Օհանյանը նշեց, որ Ռուսաստանի բերված շարժական լաբորատորիայում իրականացվել են նմուշառումներ, արձանագրվել են նաև կորոնավիրուսի վարակի որոշ դեպքեր։
«Շարժական լաբորատրիայում արդեն իսկ իրականացվել և հետազոտվել է 165 նմուշառում։ Արձանագրվել են և՛ դրական, և՛ բացասական դեպքեր։ Նշեմ, որ բացասական դեպքերը շատ ավելի շատ են»,- ասաց Օհանյանը։
«Բուժվողների և մեկուսացվածների համար գերազանց պայմաններ են ստեղծված։ Ժամեկտային զինծառայողների շրջանում արձանագրաված դեպքների մասին տեղյակ են պահվում նաև նրանց ծնողները»,- ասաց Օհանյանը։
Ռազմաբժշկական վարչության պետը հայտնեց, որ ծնողները տեղյակ են լինում ոչ միայն վարակի արձանագրման, այլև բուժման ընթացքի մասին․ այս պահին 3 ժամկետային զինծառայող ավարտել է բուժումն ու լիովին առողջացած դուրս գրվել։
Օհանյանը նշեց, որ շարժական լաբորատրիայի աշխատանքներին ռուս մասնագետների հետ համագործակցում են նաև հայ մասնագետները՝ հավելելով, որ երեկ արդեն հայ մասնագետներն ինքնուրույն են իրականացնել նմուշառումը։
Օհանյանը նաև տեղեկացրեց, որ նախքան Ռուսաստանից շարժական լաբորատորիայի Հայաստան բերվելը, զինծառայողներից նմուշառումներն ուղարկվել են նաև ՀՀ-ում գտնվող ամերիկյան լաբորատորիա։
«Մոտ 600 նմուշ ուղարկվել է ամերիկյան լաբորատորիա։ Այսօր ևս նրանց հետ շարունակում ենք համագործակցել»,- ասաց Օհանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







