«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 20 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերի ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար: Այս մասին ասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում:
Ըստ հաղորդագրության՝ նշված գումարը տրամադրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված դրամահավաքի շրջանակներում: Հիմնադրամն այդ միջոցներն ուղղում է Ռուսաստանից Հայաստանի քաղաքացիների վերադարձի կազմակերպմանը։
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի և ՌԴ-ում ՀՀ դեսպանության սերտ համագործակցության արդյունքում 60 քաղաքացիներ ապրիլի 12-ին հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան:
Տեղեկացվում է նաև, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի առցանց հաշվեհամարին ապրիլի 11-ի դրությամբ փոխանցվել է 208,559 դոլար, ինչը նախատեսվող միջոցների 104, 28 %-ն է կազմում: Դրամահավաքը շարունակվում է:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 100 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարին։ Դրանցից 50 մլն ուղղվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին (հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսման ու ժամանակակից սարքավորումներով վերազինման համար), 50 մլն դրամը՝ ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։
Բացի այդ՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերին հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ որոշակի քանակության դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել ու ախտահանիչ միջոցներ է տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը, Էջմիածնի քաղաքապետարանին, ինչպես նաեւ Հայաստանում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոններին (Երեւանի Նորքի եւ թիվ 1 տուն-ինտերնատներ, Գյումրու եւ Վարդենիսի տուն-ինտերնատներ, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ)»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







