Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր՝ ապրիլի 10-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրած ասուլիսի ընթացքում հայտնեց, որ մինչ օրս արվել է շուրջ 6500 թեստ կորոնավիրուսը ախտորոշելու համար։
«Մենք արել ենք ուղիղ այնքան թեստ, որքան ցուցում է եղել։ Մեր կողմից և միջազգային կազմակերպությունների կողմից խորհուրդ տրվող չափանիշներիով ենք առաջնորդվել։ Չափանիշներն այսօրվանից ընդլայնվել են, և մենք ավելի շատ թեստեր կիրականացնենք՝ կապված նաև համաճարակաբանական վիճակով»,- ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ նպատակ ունեն դրանց թիվը հասցնել օրական 1000-ի։
Թորոսյանը նաև հայտնեց, որ վիրուսների թեստավորումն ամենաբարդ բժշկական հետազոտություններից մեկն է և պահանջում է երկարատև ու ուշադիր աշխատանք։
«Այն բազմափուլ է, բազմամասնակցային և երկարատև պրոցես է։ Միայն հետազոտության փուլը, երբ նմուշը մնում է լաբարատորիայում, տևում է հինգ ժամ։ Մեր մասնագետներն այս օրերին լաբորատորիաներում աշխատել են գրեթե 24 ժամ, նման դեպքում սխալվելու հավանականություն էլ կա, ուստի նախատեսում են գիշերները չիրականացնել հետազոտություն»,- նշեց նախարարը։
Արսեն Թորոսյանը նշեց, որ Հայաստանում այժմ կորոնավիրուսի ախտորոշման 6 լաբորատորիա կա, կա ևս 2 մասնավոր լաբորատորիա կա, որոնք ևս կարող են իրականացնել ախտորոշում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







