Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ապրիլի 8-ին հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ։
Հայաստան բերված բժշկական պարագաներն ու սարքավորումները կարևոր նշանակություն ունեն կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում։
Չինաստանի Հայաստանին նվիրաբերված բժշկական ապրանքների, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Չինաստանի վարած քաղաքականության և հայ-չինական հարաբերությունների մասին Armenia Today-ը զրուցել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Միջազգային խաղաղության ինստիտուտի խորհրդականների խորհրդի անդամ (Ավստրիա), Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ։
— Չինաստանի՝ Հայաստանին տրամադրված օգնության փաթեթների վրա հետաքրքիր գրություն կար՝ «Թող մեր բարեկամությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան՝ Յանցզի գետը»։ Այս արտահայտությունն ի՞նչ հիմնական ուղերձ է պարունակում, արդյո՞ք հայ-չինական հարաբերությունները գտնվում են այսքան բարձր մակարդակի վրա։
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Չինաստանին և Հայաստանի բարեկամ չինացիներին, ովքեր այս դժվար օրերին փորձել են օժանդակել Հայաստանին, կազմակերպել են մարդասիրական օգնություն։ Իհարկե, այստեղ պետք է նշել նաև Պարետատան տարած զգալի աշխատանքը, որի շնորհիվ, թե՛ վերոհիշյալ օգնությունը չինացիներից, թե՛ Հայաստանի կողմից գնված անհարժեշտ բժշկական պարագաները ժամանակին հասան Հայաստան։ Շնորհակալություն նաև ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը, որ կարողացել է հավաքագրել Հայաստանի համար օգնությունը Չինաստանում։
Նման գրությունն, իհարկե, ողջունելի է, սակայն կարծում եմ՝ ավելի լավ կլիներ՝ հայ-չինական հարաբերությունները զարգանային ու հասնեին այն մակարդակին, որ նման բարեմաղթանքը դառնար նաև իրականություն։
Դեռևս Հայաստանում չինական լուրջ ներդրումներ չկան, երկկողմ հարաբերությունների առկա տնտեսական և քաղաքական պոտենցիալի շատ փոքր մասն է օգտագործվում։ Հայաստանը շարունակում է դուրս մնալ Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունից։
— ՀՀ բերված բժշկական ապրանքների մի մասը տրամադրվել է Չինաստանի կողմից որպես աջակցություն։ Այս աջակցությունը դիտարկվու՞մ է կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի վարած համաշախարհային քաղաքականության թե հայ-չինական բարեկամական հարաբերությունների շրջանակում։
Չինաստանը գերտերություն է, իսկ գերտերություն լինելը որոշակի պատասխանատվություն է ենթադրում աշխարհի հանդեպ, օրինակ՝ նման դժվարին իրավիճակներում պետք է օգնության հասնի աշխարհի մյուս պետություններին։ Նշեմ, որ սա միայն Չինաստանին բնորոշ չէ․ աշխարհի բոլոր երկրները օրինակ՝ գերտերություն ԱՄՆ-ը, հզոր ուժեր Ռուսաստանը և Եվրոպական միությունն այդ քաղաքականությունն են վարում։ Հայաստանը 51 մլն եվրոյի օգնության փաթեթ է ստանում ԵՄ-ից, ԱՄՆ-ից՝ 1․1 մլն դոլարի օգնություն, Ռուսաստանը սարքավորումներ և մասնագետների խումբ է ուղարկել Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին աջակցելու համար, իսկ Չինաստանը տրամադրել է 110 000 դոլարի օգնություն՝ բժշկական ապրանքների ու սարքավորումների տեսքով։
Ըստ այս օգնության փաթեթների՝ կարող ենք հասկանալ, թե որ երկրներն են ավելի հետաքրքրված Հայաստանով ներկա փուլում։
-Կարծիքներ կան, որ կորոնավիրուսի համավարակից հետո աշխարհաքաղաքական որոշ փոփոխություններ են տեղի ունենալու։ Ինչպիսի՞ն կլինի Չինաստանի դերը այդ փոփոխություններում՝ որպես գերտերություն։
Աշխարհակարգի փոփոխությունները նոր չեն սկսվել․ այդ փոփոխությունները սկսվել են այն ժամանակ, երբ նույն Չինաստանը 2013 թվականից հետո այնքան հզորացավ, որ պաշտպանողական քաղաքականությունից անցավ պրոեկտող քաղաքականության, ինչպես նաև Ղրիմի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունները հանգեցրին նրան, որ Ռուսաստանն ու Չինաստանը միասնական հանդես գան՝ որպես արևելյան բևեռ։ Այս շարունակական գործընթացները աշխարհը դարձնում են բազմաբևեռ։ Մյուս կողմից ԱՄՆ-ին ներկայիս աշխարհակարգը ձեռնտու չէ, քանի որ այս աշխարհակարգին Չինաստանը շատ լավ ադապտացվել է, և գլոբալիզացիան, ազատ առևտուրն իր օգտին է ծառայեցնում՝ այսկերպ փորձելով առաջատարի դերը ստանձնել։
Այս ամենին ԱՄՆ-ը, իհարկե, կփորձի խանգարել։
Կորոնավիրուսը միգուցե հնարավորություն է տալիս տարաձայնությունները մի կողմ դնել, գնալ դեպի միասնականություն, բայց դա չենք տեսնում։ Չինաստանն ու ԱՄՆ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին, թե որն է Covid-19-ը համավարակի «տարածողը»։
Այդուհանդերձ, կարծում եմ, որ աշխարհաքաղաքական մեծ փոփոխություններ չեն լինի․ աշխարհաքաղաքական ու անվտանգության խնդիրները նույնը կմնան, ինչպես նաև կպահպանվի կողմերի միջև նույն լարված իրավիճակը։
Վարդուհի Մկրտչյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







