ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Վրաստանը թույլ չեն տվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ընդունել Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որով կոչ է արվում չեղարկել միակողմանի պատժամիջոցները, որոնք խանգարում են երկրներին պայքարել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությանը։
Ռուս դիվանագետներն ափսոսանքով նշել են, որ մի շարք երկրներ հրաժարվել են լսել սահմանափակումների չեղարկման մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և առաջնորդվել են քաղաքական առաջնահերթություններով։
Ռուսական կողմը նշում է, որ արդյունքում նոր համավարակին գլոբալ պատասխան տալը շատ ավելի բարդ կլինի։
«Կարող են տուժել վիթխարի թվով մարդիկ, առաջին հերթին՝ զարգացող երկրներում»,-ասված է հայտարարության մեջ։
Ռուսաստանի կողմի ներկայացրած հռչակագիրը ճանաչում էր համաճարակի դեմ պայքարում ԱՀԿ-ի առաջատար դերը:
Ըստ փաստաթղթի՝ պետությունները համաձայնում են համագործակցել միմյանց ԱՀԿ-ի հետ, այդ թվում ՝ COVID-19-ի տարածման և բուժման դեմ պայքարի միջոցներ մշակելիս:
Բացի այդ, փաստաթուղթը կոչ էր արնում օգնություն ցուցաբերել առավել տուժած պետություններին, հատկապես զարգացող երկրներին, հրաժարվել առևտրային պատերազմներից և միակողմանի պատժամիջոցների կիրառումից։
Բացի Ռուսաստանից, հռչակագիրը հեղինակել են ևս 28 պետություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







