ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչ Թոֆիկ Յագուբլուի ձերբակալությամբ և նրան առաջադրված մեղադրանքներով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը։
«Մենք ուշադիր հետևում ենք այս գործում իրադարձությունների զարգացմանը և մեր մտահոգությունն ենք հայտնել Ադրբեջանի կառավարությանը։ Ադրբեջանական իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել Յագուբլային և այն բոլոր անձանց, որոնք բանտարկվել են իրենց հիմնական ազատություններն իրացնելու համար», — ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Յագուբլուն ձերբակալվել էր մարտի 22-ին՝ խուլիգանության կասկածանքով։ Նրա ընտանիքն ու իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են Ադրբեջանում COVID-19 համաճարակի ֆոնին նրա առողջական վիճակով և կալանքի տակ գտնվելով։
Յագուբլուն ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամ է և ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի՝ առաջատար ընդդիմադիր կուսակցությունների և ակտիվիստների կոալիցիայի անդամ:
Մարտի 23-ին Բաքվի դատարանը վճռել էր Յագուբլուին կալանավորել երեք ամսով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







