Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության նախապատրաստած ու զինված ուժերի իրականացրած հատուկ գործողության ընթացքում սպանվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության բարձրաստիճան կին ղեկավարներից մեկը՝ Նազիֆե Բիլենը, հայտնում է ermenihaber-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրաքի Քանդիլ շրջանի մոտակայքում սպանված Բիլենը ՔԲԿ-ի գործողությունները համակարգող «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀԿ) նախագահության 6 ակտիվ անդամներից մեկն է: Հաղորդվում է, որ Բիլենը, որի զինվորական ու քաղաքական ուսումնառությունը ժամանակին ղեկավարել է անձամբ ՔԲԿ-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանը, հանդիսանում է ՔԲԿ-ի կանանց շարժման հիմնադիրներից մեկը:
Թուրքիայի հետախուզական կազմակերպությունն Իրաքում իր գործակալական ցանցի միջոցով ամիսներ շարունակ տեղեկություններ է հավաքել Բիլենի մասին, ապա ամեն ինչ մանրամասն ծրագրելուց հետո ԶՈւ ստորաբաժանումները կարողացել են համատեղ կազմակերպած օպերացիայի միջոցով սպանել նրան:
Նախորդ տարի էլ Թուրքիայի հետախուզությանը հաջողվել էր նմանատիպ օպերացիայի կազմակերպմամբ սպանել ՔՀԿ-ի ղեկավարներից Դիյար Գարի Մուհամմեդին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







