ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ին, քննարկում էր կառավարության ներկայացրած նախագիծը, որով նախատեսում են անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության ազատության իրավունքի սահմանափակման առանձին ընթացակարգեր, որոնք կիրառելի են բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում։
Ներկայացված նախագծի կիրառելիության ու առաջարկվող գործիքակազմի արդյունավետության, առաջարկվող սահմանափակումների շրջանակներում անձնական տվյալների գաղտնիության ապահովաման վերաբերյալ Armenia Today-ը զրուցել է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։
1․ Նախագծով առաջարկվող մեթոդներն ու մեխանիզմները որքանո՞վ են իրավաչափ ու կիրառելի։
Այսօր ներկայացված օրենքի նախագծով և հարակից փաթեթով սահմանվում է երկու հիմնական ընթացակարգ՝
1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից կառավարության կողմից նշված պետական մարմիններին և իրավաբանական անձանց հաճախորդի տեղորոշման, հաճախորդի հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարների, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթվի, սկզբի և ավարտի վերաբերյալ տվյալներ պետք է տրամադրեն, սակայն կարգավորված չէ, թե ինչ պատասխանատվություն են կրելու հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները պետական մարմիններին և պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց պահանջված տվյալները չտրամադրելու համար.
2. Ֆիզիկական անձանց, որոնց նկատմամբ կիրառված է ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ, պարտավորեցնելու են օգտագործել կառավարության կողմից սահմանված էլեկտրոնային հաղորդակցության և ծրագրային ապահովման միջոցները՝ հեռախոսային հավելվածներ՝ mobile applications։
Հաշվի առնելով, որ ներկայումս ՀՀ-ում սահմանված է արտակարգ դրություն, և, հետևաբար, ՀՀ-ում գտնվող բոլոր ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառելի են ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ, հետևաբար՝ յուրաքանչյուրիս կարող են պարտավորեցնել ձայնագրվել և օգտագործել նախատեսվող հեռախոսային հավելվածները։
Սակայն այստեղ հարց է առաջանում՝ որոշակիության և կիրառման տեսանկյունից․ նախ այս պարտավորությունը նախատեսելով պետությունը չի կարող երաշխավորել այս մեխանիզմի կիրառումը ՀՀ ողջ տարածքում, որովհետև անձանց բավականին ստվար զանգված չունի տեխնիկական նման հնարավորություններ, բացի այդ մեխամիզմի կիրարկման արդյունավետության տեսանկունից են խնդիրներ առաջանալու, քանի որ հասարակության մի մասին հնարավոր է լինելու վերահսկել, իսկ մյուս մասին՝ ոչ։
2․Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտին երկու շաբաթ է մնացել, այս ժամանակահատվածում որքանո՞վ է նպատակահարմար նման սահմանափակումների կիրառումը։
Կարծում եմ՝ բավականին բարդ է լինելու այս երկշաբաթյա ժամկետում իրագործել նախագծով առաջարկվող մեխանիզմները։
Նախ նշեմ, որ չի ներկայացվել նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը՝ ֆինանսական տեսանկյունից։ Կարծում եմ՝ ֆինանսական առումով բավականին մեծ բեռ է նախատեսվելու պետության համար, ինչպես նաև լրացուցիչ մարդկային ռեսուրսներ են անհրաժեշտ լինելու։
Հիմնավորված չէ նաև իրավաչափությունը՝ ինչու են այս բոլորը միաժամանակ նախատեսում՝ օպերատորներից տվյալների ստացումը և ֆիզիկական անձանց համար պարտավորություններ, որովհետև նույն միջազգային փորձը եթե ուսումնասիրում ենք, ապա ակնհայտ է դառնում, որ այս միջոցառումներից մեկն է պետությունների կողմից կիրառվում։ Օրինակ, Սինգապուրում թույլատրվում է հավելվածների ներդրումը՝ այն էլ վիրուսի տարածման կանխարգելման նպատակով, Հոնկոնգում վարակակիրների համար նաև ձեռնաշղթա են սահմանել, որպեսզի կարողանան տեղորոշել։
Անձի հեռախոսային խոսակցությունների ժամկետների ֆիքսումը նպատակահարմար չէ, քանի որ անկհայտորեն հնարավոր չի լինելու հեռախոսային զանգերով տեղորոշման հետ կապված որևէ խնդիր լուծել․ վարակի տարածումը պետք է կանխարգելել տվյալ անձի ֆիզիկական գտնվելու վայրով։ Սա նաև լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ֆինանսական տեսանկյունից և մարդկային ռեսուրսների առումով։
Առավել նպատակահարմար կլիներ, եթե արդեն առկա մեխանիզմները փորձեին կատարելագործել և այդ ուղղությամբ ռեսուրսներն ու ֆինանսները ներդրվեին։
3․ Նախագծում նշվում է, որ հեռախոսների և հեռախոսազանգերի միջոցով ստացված տեղեկատվությունն արտակարգ դրության ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ապանձնավորվելու և ոչնչացվելու է: Նշված տեղեկատվության մեկ ամիս պահելը անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության տեսանկյունից հետագայում ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել։
Նախ նշեմ, որ նախատեսված չէ տվյալները հավաքագրող մարմնի նկատմամբ վերահսկողության իրականացումը, որպեսզի մարդկանց իրավունքների պահպանման սահմանազանցում տեղի չունենա, սահմանված չեն նաև տվյալների ոչնչազման պրոցեսի նկատմամբ վերահսկողության մեխանիզմեր։
Խնդրահարույց է նաև այն է, որ հստակեցված չէ չանձնավորված տվյալները հետագայում որոշ նպատակներով անձնավորելը։ Այս պարագայում շատ նուրբ սահմանագծի հետ գործ ունենք՝ մի կողմից մարդու հիմնարար իրավունքներն ու ազատություններն են, մյուս կողմից այս համաճարակի պայմաններում վարակի տարածումը կանխարգելելն է։
Այս համատեքստում հետագայում իրավաչափության տեսանկյունից մի շարք խնդիրներ են առաջանալու թե՛ դատական ընթացակարգով, թե՛ մարդկանց իրավունքների սահմանափակումների հետ կապված, կարծում եմ՝ բավականին շատ դատական վեճեր կառաջանան, և ըստ իս՝ լրացուցիչ վերանայման անհրաժեշտություն կա այս կիսալուծումներն ընդունելուց առաջ։
Ամեն դեպքում պետությունը պարտավոր է հնարավորինս համաչափության սկզբունքը կիրառել և ցանկացած սահմանափակում բավական հիմնավոր ներկայացնել։
Վարդուհի Մկրտչյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







