Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմության առաջնորդ 57-ամյա Ասլան Բժանիան, ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, Աբխազիայի նախագահի կրկնակի ընտրություններում հավաքել է ձայների 56,5 տոկոսը, հաղորդում Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները:
Այնուհետեւ հաջորդում են Աբխազիայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ադգուր Արձինբան՝ 35,42%-ով և Աբխազիայի ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Ձապշբան՝ 2,22%-ով: Բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 1,75 տոկոսը։ Ընտրողների մասնակցությունը գերազանցել է 71 տոկոսը, ընտրությունները կայացած են ճանաչվել:
Աբխազիայի օրենսդրության համաձայն՝ ընտրված է համարվում նախագահի թեկնածուն, որը ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների կեսից ավելին: Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 95 հազար ընտրող։ Ընտրական հանձնաժողովի, իրավապահ մարմինների և թեկնածուների շտաբների տվյալներով՝ քվեարկության ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել:
Արձինբան կիրակի ուշ երեկոյան ժամանել է Բժանիայի շտաբ և անձամբ շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ։ Նաեւ Բժանիային շնորհավորել Է Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան:
Երդմնակալությունը պետք է տեղի ունենա ԿԸՀ-ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից 30 օր հետո։
Հիշեցնենք, որ նոր քվեարկություն անցկացնելու մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Աբխազիայի Գերագույն դատարանի Վճռաբեկ կոլեգիան չեղյալ է ճանաչել ԿԸՀ-ի որոշումը 2019 թվականին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







