ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկն ընդլայնվել է:
«Մարդասիրական օգնության շրջանակում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ հերթական փոփոխություններն են արվել, որոնցով թույլատրվում է երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է , որ ցանկում նշված որոշ ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։ Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։
Նշվում է նաև ապրանքների փոխադրման եղանակները՝
- փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ ՍՊԸ» մաքսային հսկողության տարածքում
- փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների ՀՀ տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձը ԻԻՀ համակարգվում և հսկվում է ՀՀ Ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







