Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների համատեղ որոշմամբ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, Սարփիի անցակետը ժամանակավորապես կփակվի, հայտնում է aliq.ge-ն։
Վրաստանի կառավարության մամլո ծառայության տեղեկատվությամբ, նշված սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Հատկանշական է, որ Թուրքիայի հետ օդային ելումուտը սովորական ռեժիմով կշարունակվի, ինչպես նաև սովորական աշխատանքը կշարունակվի Վալեի և Կարծախի անցակետերում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարության հայտնել է նաև, որ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարցերում հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի դաշնային խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հետ:
Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով, կողմերը քննարկել են ընթացիկ տարվա մարտի 16-ից Վրաստանի և Ռուսաստանի միջև քաղաքացիների տեղաշարժի ժամանակավոր դադարեցման մասին:
Նշվել է, որ որոշումը չի վերաբերվում ՌԴ և Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր ցանկություն ունեն վերադառնալ իրենց երկիր:
Սահմանափակումները չեն վերաբերվում նաև բեռնափոխադրումներին:
Հիշեցնենք, որ Վրաստանը փակել է ավիահաղորդակցությունն Իրանի, Չինաստանի, Իտալիայի, Հայաստանի, Ադրբեջանի հետ: Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրիայից ժամանած քաղաքացիները պետք է 14-օրյա կարանտին անցնեն, կամ ներկայացնեն կորոնավիրուսով վարակված չլինելու մասին տեղեկանք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







