Իշխանության կողմից Սահմանադրական հանրաքվեի քարոզության իրականացման տեխնոլոգիան պարզ է՝ վարչապետը տետ ա տետ շփվում է քաղաքացիների հետ՝ բաժանելով բուկլետները։ Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ռազմավարության տեսանկյունից իշխանությունը դեռ չգիտի՝ ինչպես քարոզչություն անցկացնել և դեռևս սահմանափակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիների ուղիղ շփմամբ: Նա հավելեց, որ սկզբնապես իշխանությունները ձգտում էին քարոզարշավ անցկացնել «սևերի» և «սպիտակների» հակազդեցության շրջանակում, սակայն ընդդիմադիր ուժերից որևէ մեկը չմասնակցեց այդ խաղին:
««ՈՉ» նախաձեռնությունն իրենց վրա վերցրեցին փաստաբանները, սակայն նրանց ռազմավարությունը ևս դեռ անհասկանալի է»,- նկատեց նա:
Քոչարյանի խոսքով՝ հանրաքվեն ապոկալիպսիս չէ, այլ սովորական երևույթ: «Խնդիրը միայն այն է, թե կկարողանան իշխանությունները 650 հազար ձայն հավաքել: Ցանկացած դեպքում նրանց արձագանքն արդեն կանխատեսելի է: Եթե նրանց չհաջողվի հավաքել այդ ձայները, ապա դա կգնահատվի որպես ժողովրդավարության և բազմակարծության հաղթանակ, իսկ հաղթանակի դեպքում կհռչակվի հեղափոխության հաղթանակը»,- նշեց քաղտեխնոլոգը:
Ըստ Քոչարյանի, հանրաքվեից զատ, որը 7 հոգու խնդիր է, Հայաստանում ավելի լուրջ խնդիրներ կան, օրինակ՝ տնտեսական վիճակը, որը ընկած է անվտանգության ընդհանուր համակարգի հիմքում։
Նա մտահոգություն հայտնեց, որ չկան ներդրումներ, բացի այդ, նկատվում է երկրի ներսում թույլ դրամաշրջանառություն: «Պատճառն այն է, որ բիզնեսն ու փողերը կայունություն են սիրում, և առկա իրավիճակը կարող է հետագայում լուրջ կոլապսի հանգեցնել»,- նշեց Քոչարյանը։
Նա նկատեց, որ եթե ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը վատ Սահմանադրություն գրեր, ապա ինչու չփոխել հենց Սահմանադրությունը:
Ըստ քաղտեխնոլոգի հասարակության կրթական մակարդակի խնդիրն է, որը պատճառ է դարձել, որ մարդիկ չգիտեն՝ ինչու են «Այո» ասում, և ինչու՝ «Ոչ»։
«Բացառությամբ 1991 թվականի անկախության հանրաքվեից՝ չկա մի դեպք, երբ հասարակությունը գիտի՝ ինչու է այո կամ ոչ ասում, ում է ընտրում, պատգամավորի գործառույթներն անգամ չգիտի»,-նկատեց նա՝ ընդգծելով, որ իշխանությանը ձեռնտու էլ չի ունենալ կրթված հասարակություն։
«Միայն կրթված հասարակության պարագայում պետությունը կարող է լինել ուժեղ բոլոր առումներով»,-նկատեց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է հանրաքվեից առաջ փող բաժանելուն, ապա քաղտեխնոլոգը նկատեց, որ սա բամբասանք է ընդամենը, և նման բաներ լինելու դեպքում արագ կբացահայտվի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







