- «ԺՈՂՈՎՈՒՐԴ» թերթը գրում է. «Հիփոթեքային վարկի համար վերադարձվող եկամտային հարկի ծրագիրը իսկական գլխացավանք է դարձել պետական բյուջեի համար: Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց, որ ԱԺ պատգամավորներից մեկը կառավարությանն առաջարկել է ծրագիրը այս վիճակով կանգնեցնել. «Այդ հավելյալ գումարը, որ պետք է տանք քաղաքացիներին, դրանով սոցիալական բնակարանաշինություն կիրականացնենք: Դա էլ գաղափար է, որը քննարկում ենք»: Այս ծրագիրը ներդրվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ՝ կապիտալ շինարարությունը վերակենդանացնելու հիմնավորմամբ: Նկատենք, որ ծրագիրը կանգնեցնելու վերաբերյալ կառավարության ձեռնարկած քննարկումները խիստ մտահոգել են այն երիտասարդ ընտանիքներին, որոնք օգտվում են այդ ծրագրից: Սակայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց. «Ովքեր օգտվում են այս ծրագրից, շարունակելու են օգտվել»: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ առաջիկա օրերին մեկ այլ առաջարկությամբ կդիմի ՀՀ կառավարություն. «Մոտ 10 օրից կվերջացնեմ եւ կուղարկեմ կառավարություն: Ես առաջարկում եմ, որ այդ իրավունքը գործի մինչեւ 30 մլն դրամ արժողության բնակարանների համար»»:
- «ԺԱՄԱՆԱԿ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության հինգ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում: Նրանք առաջարկում են օրենքում ավելացնել դրույթ, ըստ որի գործատուն իր տղամարդ աշխատակցի երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում նրան տրամադրում է մինչև հինգ օր վճարվող արձակուրդ: Ըստ հեղինակների՝ այս կարգավորման շնորհիվ նորածնի հայրը հնարավորություն կունենա վայելելու հայրության բերկրանքն ու հոգ տանելու իր երեխայի և նոր ծննդաբերած կնոջ մասին»:
- «ԺՈՂՈՎՈՒՐԴ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանության ներկայացուցիչները հրահանգել են, որ այսօր առավոտվանից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ՔՊ-ականները պետք է դուրս գան փողոց և ակտիվ քարոզչություն սկսեն` սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված։ Ըստ մեր տեղեկությունների` Երևանի բնակիչ հանդիսացող բոլոր պատգամավորներին հանձնարարված է շրջել բակերում` ձեռքին ունենալով «ԱՅՈ» քարոզող պաստառներ և թռուցիկներ։ Հանձնարարված է քարոզչություն անելիս իրականացնել նաև ակտիվ լուսաբանում՝ հրապարակել լուսանկարներ, տեսանյութեր սոցիալական ցանցերում, համացանցում, ցույց տալ, որ հասարակության մեծամասնությունը «ԱՅՈ» է քվեարկելու։
- ««ՓԱՍՏ»-ը քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում գրեթե անտեսանելի են դարձել կայանման համար նախատեսված «կարմիր գծերը», ճանապարհային երթևեկության գծանշումները, ինչպես նաև ձմռանից հետո տարբեր փողոցներում փոսեր են գոյացել, որոնք վնասում են մեքենաները։ Թե երբ են թարմացվելու գծանշումները և կատարվելու փոսալցման կամ ասֆալտապատման աշխատանքներ, «Փաստը» հետաքրքրվեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից։ Նա նախ ընդգծեց՝ վճարովի կայանատեղիների համար նախատեսված «կարմիր գծերը» թարմացնում է համայնքը, իսկ ճանապարհային երթևեկությանը վերաբերող մնացած բոլոր գծանշումներն իրականացնում է ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը։ «Թե՛ «կարմիր գծերը», թե՛ ճանապարհային երթևեկության գծանշումները սովորաբար արվում են գարնան ամիսներից սկսած՝ զուգահեռաբար, երբ մաքրվում են փողոցները, թարմացվում են ասֆալտի ծածկի վնասված հատվածները։ Ասֆալտի ծածկի թարմացման մասին։ Կարող եք նկատել, որ դեռևս փետրվարին՝ ցուրտ սեզոնին, երբ ցուցում չկա ասֆալտի վերականգնողական աշխատանքներ կատարել, այնուհանդերձ, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումն այն տեղերում, որտեղ կա անհրաժեշտություն, այսպես ասած, նախնական փոսալցման աշխատանքներ է կատարում՝ վարորդների անվտանգությունը և մեքենաների անվնասությունն ապահովելու համար։ Գարնան ամիսներին, երբ եղանակն ու օդի ջերմաստիճանն ավելի բարենպաստ կլինի դրա համար, արդեն կսկսվեն ասֆալտապատման և այլ աշխատանքները։ Այս տարի Երևանի բյուջեով տպավորիչ գումար է հատկացվել ճանապարհների՝ այդ թվում՝ մեքենաների և հետիոտն երթևեկության գոտիների բարեկարգման աշխատանքների համար՝ ավելի քան 600 մլն դրամի չափով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Հակոբ Կարապետյանը»»,-գրում է թերթը:
- «ԺՈՂՈՎՈՒՐԴ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ արդեն նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այլ պաշտոնի կնշանակվի: Ինչպես հայտնի է, նա երեկ, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մեր տեղեկություններով՝ նա կնշանակվի ՊՆ ռազմական կրթության բաժնի պետ, իսկ թե կոնկրետ որ, այժմ ՊՆ-ում մի քանի տարբերակ են քննարկում, և դեռ վերջնական որոշում չկա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







