Իդլիբի դեէսկալացիայի գոտում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, որը համաձայնեցվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, պաշտոնապես ուժի մեջ է մտել այսօր՝ մարտի 6-ին՝ ժամը 00:01-ին: Իդլիբում պայմանավորվածությունների ձեռքբերման մասին հինգշաբթի երեկոյան հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ երկու երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքներով, որոնք տևել են ավելի քան հինգ ժամ:
Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած հանդիպմանը Պուտինը և Էրդողանը նաև համաձայնեցրել են մի շարք այլ միջոցներ, որոնք ուղղված են Իդլիբի գոտում իրավիճակի կարգավորմանը: Մասնավորապես, մարտի 15-ից ՌԴ-ն ու Թուրքիան համատեղ պարեկություն կսկսեն Սիրիայի Մ4 մայրուղու վրա, որի երկայնքով անվտանգության միջանցք կստեղծվի։
Երկու նախագահների ընդունած հայտարարության մեջ նշում է, որ պետք է ոչնչացվեն Սիրիայում գործող բոլոր ահաբեկչական խմբավորումները և ընդգծվում է, որ քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքներին սպառնացող վտանգը չի կարող արդարացվել որևէ պատրվակով:
Փաստաթղթում նաև հաստատվել է Մոսկվայի և Անկարայի հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Նշվում է, որ «սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի քաղաքական գործընթացի արդյունքում, որն առաջնորդվում և իրականացվում է հենց սիրիացիների կողմից ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևին համապատասխան»:
Մեկնաբանելով ՌԴ-ի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հինգշաբթի հույս է հայտնել, որ դրանք կհանգեցնեն Իդլիբում կրակի անհապաղ դադարեցման: Նա նաև կոչ է արել «վերադառնալ ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող Սիրիայի հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







