Սիրիայում ռուսական զորքերի հրամանատարությունը չի կարող երաշխավորել Թուրքիայի ավիացիայի թռիչքների անվտանգությունը Սիրիայի երկնքում։ Այս մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար դերծովակալ Օլեգ Ժուրավլյովը։
Ժուրավլյովը նշել է, որ Սիրիայի կառավարությունը ստիպված է եղել հայտարարել Իդլիբ նահանգի օդային տարածքը փակելու մասին:
«Այս պայմաններում ռուսական զորախմբի հրամանատարությունը չի կարող երաշխավորել թուրքական ավիացիայի թռիչքների անվտանգությունը Սիրիայի երկնքում»,-նշել է դերծովակալը:
Ավելի վաղ Սիրիայի Պաշտպանության նախարարության աղբյուրը հայտնել էր, որ թուրքական F-16-ը սիրիական ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ է խոցել Իդլիբի դեէսկալացիայի գոտում։ Նրա խոսքով՝ սիրիական ՀՕՊ-ի միջոցներով ոչնչացվել է թուրքական 6 հարվածային անօդաչու թռչող սարք։
Ժուրավլյովը նաև ընդգծել է, որ Իդլիբի դեէսկալացիայի գոտու օդային տարածքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-24 ինքնաթիռի խոցման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







