Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018 թթ. ընթացքում Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող երկու շինությունների շուկայական արժեքի վերագնահատման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Կառավարության 2018 թ. թիվ 29-Ա որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով օտարել նշված հասցեում գտնվող շենքի՝ պետական սեփականություն հանդիսացող N1 շինության 210.4 քմ և N2 շինության 103.2 քմ ընդհանուր մակերեսով տարածքները և դրանց զբաղեցրած հողամասից համապատասխանաբար 78.9537 քմ և 38.7249 քմ մակերեսներով` բաժնային մաս համարվող հողամասերը: Դրա հիման վրա 2018 թ. մայիսին գույքն ուղիղ վաճառքով օտարվել է:
Առկա փաստաթղթերով պարզվել է, որ 2017 թ. մայիսին «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձի կողմից հասարակական նշանակության շինությունները գնահատվել են առանց տեղազննության կատարման, իսկ շուկայական արժեքը որոշվել է 2014 թ. ելակետային տվյալների և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ-ի միջինացված արժեքի վերաբերյալ գնահատող եզրահանգումների հիման վրա:
Մինչդեռ, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն՝ անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը պետք է պարտադիր պարունակի անշարժ գույքի գնահատման և տեղազննության ամսաթիվն ու տարեթիվը, ինչպես նաև անշարժ գույքի տեղազննության արդյունքները, գնահատման օբյեկտի նկարագիրը:
Արդյունքում՝ պետական սեփականություն հանդիսացող հասարակական նշանակության շինություններն օտարվել են իրենց կադաստրային արժեքից զգալի չափով պակաս գնով:
2018 թ. պետական գույքն օտարելիս դրա շուկայական արժեքը գնահատվել է 3 տարվա վաղեմության տվյալների հիման վրա՝ առանց տեղազննության կատարման։
Երևան քաղաքի դատախազությունում վերոնշյալ փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







