Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը: Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել Երևանի քաղաքապետարանի կայքում։
Ըստ աղբյուրի՝ մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որպեսզի հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները:
Հարթաքանդակն իրենից ներկայացնում է բրոնզի և քարի համադրությամբ հուշարձան։ Դիտողը հայտնվում է արվեստի ստեղծած միջավայրում, որն իր մեջ է կրում տվյալ տարածքի հիշողությունը և դիտողին տանում է դեպի 2008-ի մարտի ողբերգական օրերը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն իր շնորհակալությունն է հայտնել բոլոր աշխատանքների հեղինակներին.
«Նախորդ մրցույթի ժամանակ ներկայացված գործերից որևէ մեկին հանձնաժողովը հավանություն չտվեց և որոշվեց հայտարարել երկրորդ մրցույթը, որպեսզի հնարավորություն տանք արվեստագետներին նոր գործեր ներկայացնել: Առաջիկայում Երևանում կտեղադրվի կարևոր և հետաքրքիր մի հուշարձան, որն ինքնին կխոսի և կպատմի մարտիմեկյան դեպքերի մասին», — ասել է փոխքաղաքապետը:
Նշենք, որ Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի ﬕջնամասում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







