Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ փետրվարի 26-ին, դատավոր Վահե Միսակյանի գլխավորությամբ, մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանի միջնորդությունը` գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու մասին։
Այսօրվա դատական նիստն այսքանով ավարտվեց։ Հաջորդ նիստը կկայանա ուղիղ մեկ ամիս անց` մարտի 26–ին, ժամը 15։00–ին։
Ամբաստանյալներից Սերժ Սարգսյանը և Բարսեղ Բեգլարյանը նիստին ներկա չէին, ներկա էր միայն Սերգո Կարապետյանը, որն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







