Հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսով վարակի և մահվան գրանցման դեպքերը՝ ՀՀ առողջապահության նախարարությունն արտգործնախարարության և համապատասխան այլ կառույցների, մասնագետների հետ այսօր և վաղը քննարկումներ կունենա ուղևորաշրջանառության դադարեցման հարցի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ այդ գործողությունները պետք է իրականացնել համահունչ տարածաշրջանի այլ երկրների՝ մասնավորապես Վրաստանի հետ՝ հաշվի առնելով այդ երկրի հետ հաղորդակցությունն ու համապատասխան գերատեսչությունների մոտեցումները։
«Հայաստանի տարածքով Վրաստան բազմաթիվ իրանցի զբոսաշրջիկներ են գնում, և այս հարցում պետք է որդեգրել նույնական մոտեցում»,- ասաց նախարարը։
Արսեն Թորոսյանը ևս մեկ անգամ կոչ արեց հետևել պաշտոնական լրահոսին՝ միաժամանակ ընդգծելով, որ որևէ միտում չունեն որևէ տեղեկություն թաքցնելու և քաղաքացիների առողջությունը վտանգի տակ դնելու։
Նշենք, որ Իրանում արդեն գրանցվել է մահվան 6 դեպք, վարակվածների թիվը հասնում է երկու տասնյակի, դեպքեր են հայտնաբերվել նաև Լիբանանում, Իրաքում, Իսրայելում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







