Մյունխենում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Կառավարության ղեկավարը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հանդիպման մեկնարկի տեսագրությունը:
«Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», — գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ պանելային քննարկմանն Ալիևը կեղծ պատմական տեղեկություններ փորձեց հաղորդել հավաքվածներին՝ ներկայացնելով, թե իբր Արցախը, Երևանը ադրբեջանական տարածքներ են եղել։
Սրան պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալիևին խնդրեց այդքան հեռու չգնալ և բացատրեց, որ երբ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի զորավար Պոմպեոսի հետ, այդ ժամանակ աշխարհում որևէ տեղ Ադրբեջան անունով որևէ պետություն չկար։
Փաշինյանն ավելացրեց` եթե հեռուն գնան, ապա կարող է պատմությունը սկսել մ. թ. ա. 4000–րդ թվականից, բայց դա ճիշտ մոտեցում չի լինի։
ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Ղարաբաղի թեմային և նշեց, որ այդ հարցում չի համաձայնվի Ալիևի հետ։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ հենց Կովկասյան բյուրոն է որոշում կայացրել, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս, դա ամբողջովին օրինական որոշում էր: «Այդ որոշումից հետո Ստալինի անձնական նախաձեռնությամբ այդ որոշումը Մոսկվայում փոխվեց: Դա կարծես դավ էր, համաձայնություն էր Ստալինի, Լենինի և Աթաթուրթի միջև: Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջան պետության կազմում: Ղարաբաղը դրվել է, մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն Խորհրդային Միության ձևավորման գործընթացում: Եվ երբ մենք խոսում ենք տարածքային ամոբղջականության մասին, պետք է որոշենք, թե որ երկրի տարածքային ամբողջականության մասին ենք մենք խոսում: Իմ հարցն այն է, որ եթե Ադրբեջանը հարգում էր Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը, դառնալով անկախ պետություն, ինչպես էր հարգում այդ տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միությունից նույն կերպ, ինչ Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Խորհրդային Միությունից: Դուք կարող եք ասել, թե ես հիմա խոսում եմ մի պետության մասին, որը գոյություն չունի, այսինքն՝ Խորհրդային Միության, բայց Խորհրդային այն Հանրապետությունը, որի կազմի մեջ էր Լեռնային Ղարաբաղը նույնպես գոյություն չունի, գոյություն չունի Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, և դա ճշմարտությունն է: Եվ ինչպես Ադրբեջանն անկախություն ձեռք բերեց Խորհրդային Միությունից, նույն կերպ Ղարաբաղը ձեռք բերեց անկախություն` և Խորհրդային Միությունից, և Խորհրդային Ադրբեջանից»,-ասաց Փաշինյանը:
ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանել է նաև Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ալիևի մեղադրանքներին։ Վարչապետը հիշեցրել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը, որի համաձայն Խոջալուի սադրանքը կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմությունը՝ Մութալիբովին իշխանությունից հեռացնելու համար: Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ անցած 30 տարիների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկնում են նույն բանը և կարծիք է հայտնել հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր գաղափարներ առաջ քաշելու անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի վարչապետը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հետ կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված քննարկմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







