Ոչ մի գլխավոր շտաբի պետ էլ մինչև կյանքի վերջ չի պաշտոնավարել։ Այս մասին ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։
Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արտակ Դավթյանը շուտով կլքի պաշտոնը և նրա փոխարեն ԶՈւ գլխավոր շտաբի պետ կնշանակվի Դավթյանի տեղակալ Օնիկ Գասպարյանը։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, ըստ որի ԳՇ պետի և պաշտպանության նախարարի հարաբերությունները լարված են՝ Արտակ Դավթյանը նշեց, որ Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել։
«Գլխավոր շտաբը նախարարին է ենթարկվում ու նրա հրամանները կատարում։ Որևէ լարվածության մասին ես տեղյակ չեմ։ Ինչ վերաբերում է իմ` պաշտոնը լքելուն, ապա պաշտոնավարման օրենքով նախատեսված ժամկետներ կան, և դրանք լրանալուց հետո, բնականաբար, դուրս եմ գալու»,-ասաց Արտակ Դավթյանը։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը նշեց, որ կա աշխատանքային կարգ, որով էլ իրենք առաջնորդվում են աշխատանքային հարաբերություններում։ Նա հայտնեց, որ որոշում կայացնելուց յուրաքանչյուրն իր տեսակետն է հայտնում, սակայն երբ նախարարն արդեն ի մի է բերում այդ ամենը և ինչ-որ որոշում կայացնում, բոլորը կատարում են այդ հրամանը։
Հարցին, թե ճի՞շտ է, որ Օնիկ Գասպարյանին են նշանակելու նրա փոխարեն` Արտակ Դավթյանը պատասխանեց, որ Գասպարյանն իր առաջին տեղակալն է, և իր դուրս գալու դեպքում, այո, գուցե նա էլ նշանակվի իր փոխարեն։
Հիշեցնենք, որ 2019թ. հուլիսի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






