Սեպտեմբերի 20-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է փոխվարչապետի մամուլի ծառայությունը։
Փոխվարչապետը նշել է, որ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի առավել կարևոր գործընկերներից մեկը և հավելել, որ եվրոպական պատվիրակության այցը լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության ընթացիկ ծրագրերը և անդրադարձ կատարելու ապագա հնարավորություններին:
Կատարինա Մատերնովան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել Հայաստանին՝ բարեփոխումների հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացմանն ու էլեկտրոնային կառավարմանը, հանրային կառավարման բարեփոխումներին և էներգետիկ արդյունավետությանը վերաբերող հարցերին:
Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել այս ուղղություններով ԵՄ ցուցաբերած աջակցության համար, ներկայացրել կառավարության կողմից իրականացված աշխատանքները և ապագա ծրագրերը:
Կողմերը քննարկել են յուրաքանչյուր ոլորտում համագործակցության խորացման ուղիները և նոր նախաձեռնություններ մեկնարկելու հնարավորությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






