Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխորովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը կարևոր է համարել Երևանի և Դուշանբեի միջև քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև երկու երկրների՝ ավանդաբար ջերմ հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի ակտիվացումը՝ ընդգծելով, որ միևնույն ժամանակ համագործակցության ներկայիս մակարդակը չի համապատասխանում առկա հնարավորություններին, և փոխգործակցության ներուժն իրականում շատ ավելի մեծ է:
Զուխորովն ասել է, որ հետաքրքրված են տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմամբ՝ նշելով, որ հայերը Տաջիկստանում բնակվում են շատ վաղուց և միշտ ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի պետական կառավարման համակարգում, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Երկուստեք՝ որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ, նշել են կրթությունը, նորագույն տեխնոլոգիաները, ֆինանսներն ու բանկային համակարգը, ինչպես նաև սննդարդյունաբերության ու սննդի անվտանգության ոլորտները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






