ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծն ընդունվեց 94 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Օրինագծով առաջարկվում է ընդերքօգտագործման ոլորտում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր համարվեն նաև տվյալ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների անդամ ֆիզիկական անձինք:
Իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց դեպքում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր են համարվում նաև տվյալ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների (բաժնետերերի ժողով, խորհուրդ և գործադիր մարմին) անդամ ֆիզիկական անձինք:
Նախագծով առաջարկվում է իրականացնել մի շարք փոփոխություններ։ Փոփոխությունների մի մասը հիմնականում ընթացակարգային են և ենթադրում են որոշակի վարչարարության հստակեցումներ։ Փոփոխությունների արդյունքում էականորեն բարելավվում է նաև թույլտվությունների տրամադրման գործընթացը: Իսկ հայտարարագրերի ներկայացման նոյեմբերի 30-ի վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև հունվարի 30-ը:
Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություն իրականացնել վիճակագրական հաշվետվությունները հստակ պարտավորություն սահմանելու առումով, որպեսզի հնարավորինս բացառվի դրանց կամայական ներկայացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






