ԿԳ նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը անդրադարձել է վերջին շրջանում իր պաշտոնավարման ժամանակի վերաբերյալ հնչեցվող գնահատականներին:
Իր դիտարկումները նա ներկայացրել է Հայ հեղափոխական դաշնակցության պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում: Հոդվածում, անդրադառնալով իր պաշտոնավարման տարիներին՝ 1998թ. ապրիլ- 1999թ.հունիս, նա նշում է. «Պաշտոնը ստանձնել եմ խիստ բարդ իրավիճակում։ Խորհրդային կրթական համակարգի փլուզումից հետո թերֆինանսավորման, արժեհամակարգերի փոփոխության պայմաններում իմ նախորդներին թեև հաջողվել էր փրկել կրթական ինստիտուցիոնալ կառույցները կազմաքանդումից, բայց կուտակված էին մնում հսկայական հիմնախնդիրներ։ Մասնավորապես՝ կրթության ոլորտը չուներ կարգավորող օրենսդրություն, չէր ձևավորվել անկախ պետականությանը հարիր հանրակրթական համակարգը։Ուսուցիչները ստանում էին աներևակայելի ցածր աշխատավարձ:Բուհական և գիտության համակարգերը գտնվում էին խիստ ծանր նյութատեխնիկական վիճակում»:
Նախկին նախարարը նշում է, որ մեկ տարի երկու ամիս լարված աշխատանքի շնորհիվ կարողացել են ընդունել ՀՀ կրթության օրենքը, որը գործում է առ այսօր,համաշխարհային բանկի հետ ստորագրված վարկային արտոնյալ համաձայնագրով սկսվել է ազգային կրթահամակարգի ձևավորումը, փոխվել է դպրոցների կառավարման համակարգը:
Լևոն Մկրտչյանը առանձին ու հանգամանալից անդրադառնում է նաև իր պաշտոնավարման 2-րդ շրջանին՝ 2001թ. նոյեմբեր – 2003թ. հունիս, և նշում ձեռքբերումները.
Վերականգնվեցին շատ նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններ։
Project Harmony կազմակերպության հայկական ներկայացուցչության հետ սկսվել էր փորձնական ծրագիր՝ շուրջ 150 դպրոց կոմպյուտերիզացնելու և ցանցային կապով կապելու ուղղությամբ։
Հիմնվեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) և սկսվեց դպրոցները համակարգիչներով ապահովելու ծրագրի իրագործումը:
Այս շրջանում էր, որ կրթական համակարգը պահպանման տրամաբանությունից անցում կատարեց զարգացման և եվրոպական կրթական համակարգում ներառվելու՝ հավակնոտ խնդրի կատարմանը։
Հայաստանում սկսվեցին աշխատանքներ բարձրագույն կրթական համակարգը եվրոպական չափորոշիչներին մոտեցնելու և եվրոպական մասնագիտական կրթական դաշտի մեջ ընդգրկվելու ուղղությամբ։
Այնուհետև, անդրադառնալով պաշտոնավարման հաջորդ շրջանին՝ 2006թ. մայիս – 2008թ. հունիս, նշում է.
«Հիմնական նպատակ էր դարձել երկիրը նախապատրաստել կրթական որակի նոր չափանիշների ընդունմանը և կրթական արդյունքների ճանաչմանը միջազգային մակարդակով։
Ավարտվեց բուհական ընդունելության քննությունները նախարարությունից անկախ իրականացնելու ծրագիրը։ Ձևավորվեց կրթության որակի ապահովման անկախ կենտրոնը, որն իր հետևողական աշխատանքի շնորհիվ այսօր լիարժեք ճանաչված է ամենահեղինակավոր միջազգային կառույցների կողմից։
Մշակվեց որակավորումների ազգային շրջանակը, ինչը հնարավոր դարձրեց ՀՀ կրթության որակի ճանաչումը միջազգային մակարդակով։
Սկսվեցին աշխատանքներ Հայաստանում ավագ դպրոցների ձևավորման ուղղությամբ։ Ծրագրի համար ընտրվեց փորձնական դպրոցների խումբ։ Քաղաքականության իմպլեմենտացիան սկսվեց 2008թ.-ից հետո։
Իսկ հոդվածի վերջնամասում Լևոն Մկրտչյանն անդրադառնում է վերջին
պաշտոնավարման տարիներին՝ 2016թ. փետրվար – 2018թ. ապրիլ և նշում, որ այս շրջանում ընթացք էր տրված «Հորիզոն-2020» գիտական խոշորագույն ծրագրին անդամակցելու գործընթացին։ Սկսվել էր բարձրագույն կրթության նոր օրենքի մշակման աշխատանքը։ Սկսվել էր ավագ դպրոցների վերանորոգման համալիր ծրագիրը, ընտրվել էին համապատասխան դպրոցները։
Իր հոդվածի եզրափակիչ մասում նախկին նախարարը կարևորում է կրթական բարեփոխումների շարունակականությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







