Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ նախագահի նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում է Վարչապետի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում Վարչապետը նշել է, որ հանդիպումները կրում են կանոնավոր բնույթ, և նշել. «Մենք բավական հագեցած օրակարգով ենք աշխատել, և շատ կարևոր է, որ այդ աշխատանքի արդյունքները կիսենք իրար հետ, որովհետև, կարծում եմ, ընդհանրապես կարևոր և հրատապ խնդիր է մեր երկրում պետական ինստիտուտների աշխատանքի ճիշտ համադրումը»։
Անդրադառնալով Հայոց Ցեղապսանության խնդրին` Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ առավոտյան մեր հարգանքի տուրքը մատուցեցինք բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին և քննարկեցինք այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար ոչ միայն պատմական փաստի և արդարության ճանաչման խնդիր է, այլև ցեղասպանությունների գլոբալ կանխարգելմանը մեր կարևոր ներդրումը։ Եվ, իհարկե, մենք նախկինում էլ ասել ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկում ենք նաև որպես Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչ։ Մենք այդ թեմայով խոսել ենք նախկինում և այսօր էլ կխոսենք՝ մեր հետագա անելիքները ճշգրտելու համար»։
Վարչապետը իր խոսքում կարևորել է նաև տարվա արդյունքների ամփոփումը: «2-3 օր առաջ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց, բյուջեի մասին օրենքն ընդունվեց, և ես արձանագրեցի, որ մենք բավական լավ տնտեսական ցուցանիշներով ենք տարին ամփոփում, ինչը մեզ համար կարևոր է՝ հաջորդ տարի առավել վստահ մուտք գործելու համար: Իհարկե, կարծում եմ, որ որպես տարվա ամփոփում՝ պետք է արձանագրենք նաև մեր աշխատանքի թերությունները, բացթողումները, դժվարությունները, որոնք իհարկե, անխուսափելի են, բայց դա չի նշանակում, որ չպետք է դրանց վերացմանը և ավելի արդյունավետ աշխատանք ապահովելուն ուղղված քայլեր անենք»,-ասել է Վարչապետը:։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի միջև շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ձևավորված, և բավական լավ համագործակցություն կա: «Իհարկե, սա շատ ուրախալի փաստ է, մանավանդ սահմանադրական նոր կառուցակարգերի տրամաբանության մեջ, և մյուս կողմից, այստեղ մեր պայմանավորվածությունն է՝ ամեն ինչ անել, որպեսզի այդ փոխգործակցությունն առավել արդյունավետ դառնա»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






