Այսօր` հունիսի 28-ին խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման դրվեց քրեակատարողական օրենսգրքում և «Կալանվածներին ու ձերբակալվածներին կալանքի տակ պահելու մասին» օրենքում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Փաթեթի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը ասաց, որ օրինագծերի փաթեթը կսահմանի դատապարտյալների իրավունքները քրեակատարողական հաստատություններում՝ հաշվի առնելով նրանց կատարած հանցագործությունները։
Տիգրան Խաչիկյանը նշեց, որ օրինագծերի առաջարկված փաթեթով, մասնավորապես, սահմանվում է, թե ինչ պայմաններում դատապարտյալն իրավունք ունի ստանալ կապոցներ, ծրարներ ու նամակներ։
«Սահմանվում են դրամական փոխանցումներ և նույն փոխանցումների միջոցով կանխիկ միջոցների ստացման պայմանները։ Բացառություն են կազմում միայն առաջին անհրաժեշտության առարկաները»,- պարզաբանել է Տիգրան Խաչիկյանը։
Տիգրան Խաչիկյանը նշել է, որ օրինագծով սահմանվում է նաև դատապարտյալի մասնակցությունը քաղաքացիա-իրավական գործարքներին, ինչպես նաև հանդիպումների օրերն ու կանոնները, բացի այն դեպքերից, որոնք նախատեսված են օրենքով։ Բացի այդ, պարզաբանվում է, թե ինչ պայմաններում է կատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ արգելվում կամ հակառակը՝ թույլատրվում աշխատել պատժախցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







