Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն արձագանքել է մամուլում հրապարակած «Աննա Հակոբյանը հրաժարվել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորին» հոդվածին:
Աննա Հակոբյանի մամուլի խոսնակի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
«Ի պատասխան ս.թ. հուլիսի 2-ին «168 ժամ» պարբերականի հրապարակած «Աննա Հակոբյանը հրաժարվել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորին» հոդվածին հարկ ենք համարում նշել հետևյալը.
«Իմ քայլը» հիմնադրամն ամեն օր ստանում է տասնյակ դիմումներ, զանգեր սոցիալական ու առողջապահական խնդրանքներով։ Եթե սոցիալական դիմումները դիտարկվում են աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակներում, կամ ուղղորդվում են գործընկեր կազմակերպություններ, ապա առողջական դիմումների դեպքում առկա է ամիսների գործունեության ընթացքում հստակեցված մոտեցում, որն առնվազն երկու անգամ բարձրաձայնել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ Այս տարվա փետրվարին, ապա մայիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսների ընթացքում նա խնդրել է «Իմ քայլը» հիմնադրամին չդիմել անհատական առողջական խնդիրներով. «Ես ներողություն եմ խնդրել և կրկին ներողություն եմ խնդրում, որ մենք չենք կարողանում այդ անհատական դիմումներին արձագանքել, որովհետև դրանք շատ մեծ թիվ են կազմում և շատ մեծ ռեսուրս են պահանջում, և եթե մենք զբաղվենք դրանով, ուրիշ ոչ մի բանով չպետք է զբաղվենք։ Երբ, որ մեր միջոցներն այնքան մեծ կլինեն, որ մենք մեր անելիքները անելուց դուրս հավելյալ բյուջե կունենանք, կսկսենք նաև մարդկանց այդ ճանապարհով օգնել»,- ասել է Աննա Հակոբյանը:
Հիմնադրամին առողջական խնդիրներով դիմող քաղաքացիներին պատասխան տրվում է այս մոտեցման շրջանակներում։
Հավելյալ հստակության համար նշենք. «Իմ քայլը» հիմնադրամն այս պահին չի զբաղվում առողջական խնդիրներով, թեպետ Հիմնադրամի աշխատակիցները ցավում են ստացված յուրաքանչյուր դիմումի համար։ Հիմնադրամն ունի ստանձնած հանձնառություններ, որոնք արդեն իսկ մեծ ռեսուրսներ են պահանջում, և այդ հանձնառություններից մեկն էլ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին աջակցությունն է, որը 2019 թ ․ ընթացքում կազմելու է ավելի քան 194,800,000 դրամ:
Խոշոր հանձնառություններից է նաև աջակցությունը Հայաստանի դասական երաժշտության պետական կոլեկտիվներին, ինչը հնարավորություն է տալիս ապահովել դրանց գոյությունն ու զարգացումը։ Այս ուղղությամբ Հիմնադրամը տրամադրում է ամսական ավելի քան 60 միլիոն դրամ: Ինչ վերաբերվում է Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին, անհրաժեշտ ենք համարում նշել միայն, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից համերգի կազմակերպմանն ուղղվել է ոչ թե 18 միլիոն դրամ, ինչպես նշված է հոդվածում, այլ մոտ 8,5 միլիոն դրամ։ Այդ գումարը Հիմնադրամը ստացել է որպես նպատակային նվիրատվություն, ինչը նշանակում է, որ այն կարող էր ծախսվել միայն այն նպատակով, ինչ նպատակով, որ նվիրատուն փոխանցել էր Հիմնադրամին։
Հայկ Սեխիլյանի անունից չի ստացվել Հիմնադրամում՝ ոչ էլեկտրոնային փոստով, ոչ ֆեյսբուքյան էջի միջոցով։ Բազմաթիվ հեռախոսազանգերի մեջ հիմնադրամի աշխատակիցները չեն առանձնացրել նրա զանգը և հնարավոր է, որ զանգի պահին էլ չեն ըմբռնել ում հետ են խոսում և տվել են առողջապահական խնդիրների վերաբերյալ դիմումների ստանդարտ պատասխանը։
Սակայն սույն թվականի հունիսի 14-ին Հայկ Սեխիլյանը նամակ է գրել Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին, որին ի պատասխան նրան խնդրել ենք հեռախոսահամար տրամադրել, որպեսզի իր հետ հնարավոր լինի մանրամասն քննարկել հարցը։ Հեռախոսազրույցում Հայկ Սեխիլյանը Աննա Հակոբյանի մամուլի խոսնակին ներկայացրել է իր առողջական վիճակը, բուժման հնարավորությունները։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայկ Սեխիլյանը կուղարկի իր առողջական վիճակի մասին բժշկական փաստաթղթերը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել նրա բուժումը։ Հայկ Սեխիլյանին ասվել է, որ նրա հարցով կզբաղվենք և իր հետ կապ կհաստատենք, երբ գտնենք բարերարների կամ կազմակերպությունների, որոնք կօգնեն ապահովել այդ թանկարժեք վիրահատությունը։ Արդեն իսկ կապ ենք հաստատել մի շարք կազմակերպությունների, բժշկական կենտրոնների հետ, ներկայացրել ենք Սեխիլյանի առողջական վիճակն ու փորձել ենք գտնել աջակցության որևէ տարբերակ։
Ներկայում էլ շարունակում ենք ջանքերը Հայկ Սեխիլյանին օգնելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







