Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել արգելված բեռ տեղափոխած հայ վարորդների վերաբերյալ:
«Հայտնում ենք, որ Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի վարորդներ, ՀՀ քաղաքացիներ Ա. Խ.-ի և Լ. Մ.-ի անձնագրերը րոպեներ առաջ ետ են վերադարձվել և նրանք կարող են հատել Վրաստանի սահմանը։ Վրաստանում ՀՀ դեսպանություն հայ վարորդների՝ Վրաստանում գտնվելու ողջ ընթացքում մշտական կապ է պահպանել Վրաստանի ԱԳՆ-ի, դատախազության, քննիչների հետ։
Դեսպանությունը ՀՀ քաղաքացիների անձնագրերի վերադարձի պահանջով գրություններ է ուղարկել պատկան մարմիններին։ Դեսպանության իրավաբանն անմիջականորեն զբաղվել է գործով։ Երեկ տեղի ունեցած 9 ժամ տևողությամբ դատավարության ընթացքում դեսպանությունն ապահովել է որակավորված թարգմանչի ներկայությունն ու ծախսերը։ Դեսպանության առաջարկությամբ սույն հարցով Վրաստանի իր գործընկերուհի Նինո Լոմջարիայի հետ կապ է հաստատել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Միաժամանակ տեղեկացնենք, որ անձնագրերի վերադարձի ուշացումը պայմանավորված էր նրանով, որ տեղի էին ունենում տեսակապով հարցաքննություններ Վրաստանից Ռուսաստան»,- հայտնում են դեսպանությունից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







