Վանում տուրիզմի զարգացումը խթանելու նպատակով ջրասույզների (դայվինգ) դպրոցներ են բացվել։ Այս իրադարձությունը հետաքրքրել է նաև հայ սուզորդներին, և օրերս Հայաստանից 10 հոգանոց մի խումբ է մեկնել Աղթամար կղզի։
Ստորջրյա լողի մարզիչներ՝ Սերքան Օքի և Բուրաք Փեքգյոզի ղեկավարությամբ հայ սուզակները սուզվել են Վանա լճում։ Ստորջրյա լողը տևել է շուրջ 1 ժամ։ Հայ լողորդները իջել են մինչև լճի 18 մետր խորքը, տեսել են ջրի տակ գտնվող պատմական պարիսպներն ու գերեզմանաքարերը։
«Վան եկող տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը օրեցօր ավելանում է։ Այսօր էլ Հայաստանից 10 հոգանոց սուզորդների խումբ էր եկել։ Հայաստանից եկած լողորդները սուզվեցին Աղթամար կղզուց, որը նրանց համար կարևոր նշանակություն ունի։ Տեղացի և արտասահմանցի սուզորդների համար այս լիճը հետզհետե ավելի կարևոր է դառնում», — պատմել է մարզիչ Սերքան Օքը։
Վանա լիճը սոդա պարունակող ամենամեծ լիճն է աշխարհում։ Լճի մակերեսը կազմում է 3 ․712 քառակուսի կմ։ Այդ ցուցանիշով այն նաև Թուրքիայի ամենամեծ լիճն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







