Աշոտ Ղուլյանի (Բեկոր) մահվան 27-րդ տարելիցի առթիվ Ստեփանակերտում՝ նրա անունը կրող հուշաքարի մոտ, տեղի է ունեցել միջոցառում։
Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական այլ գործիչներ, Բեկորի զինակից ընկերներն ու հարազատները, ՀՅԴ ներկայացուցիչներ, Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամներ և ուրիշներ։
Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Վահրամ Ղահրամանյանը, որը նշել է․
-Բեկորը հայ ժողովրդի մտապատկերում մնացել է որպես հայրենասեր, հոգատար ու ժպտերես անձնավորություն: Նրա կերպարն ամբողջացնում է հայ ժողովրդի հաղթանակները:
Բեկորի այրին՝ Նելլի Ղուլյանը, ներկաների հետ կիսելով 27 տարիների իր ցավն ու վիշտը՝ իր ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մշտապես հիշում և մեծարում են Աշոտ Ղուլյանին:
Նշենք նաև, որ ԱՀ բռնցքամարտի ֆեդերացիան այսօր անցկացնելու է Աշոտ Ղուլյանի անվան բռնցքամարտի հուշամրցաշար:
Աշոտ Ղուլյանը ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 6-ին Բաքվում ։
Նա Արցախյան ազատամարտի մասնակից է, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր։ Արցախյան ազգային-ազատագրական շարժման դեռևս առաջին օրերից նա ձեռնամուխ է եղել սպասվելիք ազատագրական պայքարի նախապատրաստական աշխատանքներին՝ պատրաստելով ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգներ, հրացաններ, նռնականետեր, որոնց փորձարկումների ժամանակ նույնիսկ երեք անգամ վիրավորվել է:
Ղուլյանը մասնակցել է արցախյան ազատամարտի գրեթե բոլոր առանցքային մարտերին, այդ թվում՝ Ասկերանի, Հադրութի, Շահումյանի, Վերին Շենի, Բուզլուխի, Մանաշիդի, Մալիբեյլուի, Խոջալուի, Կրկժանի, Լեսնոյի, Քարին տակիի, Շուշիի, Լաչինի, Մարտակերտի, Կուսապատի, Մաղավուզի, Սրխավենդի, Բաշ-Գյունեփայայի, Օրթա-Գյունեփայայի և Դրմբոնի։
1992 թվականի օգոստոսի 24-ին Դրմբոնում ընթացող մարտերի ժամանակ նա զոհվել է՝ ստանալով մահացու վիրավորում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







