Արհեստական բանականությունը, կատարելով մտավոր աշխատանքի մի մասը, մարդու միտքը կազատի որոշ հարցերի և խնդիրների ուղղությամբ մտածելուց և այս կերպ մարդկային բանականությունը նոր ուղղություններ կհայտնաբերի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման տեսակետ է հայտնել «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) կողմից կազմակերպված «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի (GIF19) ժամանակ իր ելույթում։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մարդու վախը տեխնոլոգիաների նկատմամբ առաջացել է դեռևս արդյունաբերական հեղափոխության սկզբից:
«Մարդկանց մտահոգությունը հետևյալն էր՝ եթե սարքավորումները, հաստոցներն անում են մարդկանց աշխատանքը, ապա ինչով պետք է զբաղվեն իրենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշեց, որ երբ մարդու ձեռքերը շատ թե քիչ ազատվում են, առաջին հերթին ազատվում է մարդու միտքը և այդ միտքը նոր տարածքներ գրավելու հնարավորություն է ունենում:
«Հետևաբար, տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է։ Եվ այդ նույն վախերը բնականաբար առաջանում են արհեստական բանականության զարգացման հետ»,- նշել է ՀՀ վարչապետը։
Խոսելով արհեստական բանականության և տեխնոլոգիաների զարգացման մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մտավոր աշխատանքի մի մասը, որը կանի արհեստական բանականությունը, տարածք կազատի, որ մարդու մտածողությունը, մարդկային բանականությունը նոր ուղղություններ հայտնաբերի և նոր տարածքներ նվաճի՝ խորանալով մարդու օրգանիզմի էության մեջ, խորանալով դեպի տիեզերք»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով ինովացիաներին ու նորարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինովացիա ասելով առաջին հերթին պետք է նկատի ունենալ մտքի, մտածողության ինովացիա, որը իրականում փոխում է աշխարհը:
«Շատ դեպքերում ինովացիա, տեխնոլոգիաներ ասելով հասկանում են կոնկրետ առարկաներ, գործիքներ կամ նույնիսկ ծրագրեր, բայց իրականում ինովացիան տեղի է ունենում մեր մտածողության մեջ, զարգանում է մարդու միտքը: Բոլոր IT արտադրանքները մարդու մտքի արգասիքն են»,-նշեց ՀՀ վարչապետը:
Խոսելով ինովացիաների ու տեխնոլոգիաների նկատմամբ մարդկանց ունեցած վախի մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում մարդիկ պետք է հաղթահարեն բոլոր վախերը։
«Վախն ամենագլխավոր գործոնն է, որն ամենուր խոչընդոտում է զարգացումը, առաջընթացին, հաղթանակի հասնելու մեր ձգտումներին»,-եզրափակել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ Գլոբալ ինովացիոն ֆորումի անցկացումը Հայաստանում մարդկությանը կօգնի հաղթահարել և կառավարել գլոբալ վախերը, և դա կլինի թերևս ամենակարևոր արդյունքը, որին պետք է ձգտեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







