ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հերքել է այն լուրերը, ըստ որոնց Գյումրիի տուն-ինտերնատի խնամքի ներքո գտնվող տարեցները դուրս են հանվելու կենտրոնից։
Նախարարն այս լուրերը «կեղտոտ մանիպուլյացիա» է անվանել։ Այս մասին Զարուհի Բաթոյանը հրապարակում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
Նա հավելել է, որ «Գյումրիի տուն-ինտերնատ»-ում մատուցվող ծառայություններն արտապատվիրակվելու են բարեգործական կազմակերպության, ինչը նշանակում է, որ նույն տեղում, նույն մարդկանց համար խնամք կազմակերպվելու է՝ ներգրավելով նաև նոր ներդրումներ:
Զարուհի Բաթոյանը տեղեկացնում է նաև, որ ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ նախապես հանդիպման ժամանակ փոխնախարարը վերջիններիս հայտնել է, որ ընտրված կազմակերպության համար պայման է սահմանվելու, ըստ որի աշխատակազմ ընտրելիս առաջնահերթություն կտրվի ՊՈԱԿ-ի աշխատակիցներին։
«Մենք շարունակելու ենք բարեփոխումները հանուն մեր տատիկների և պապիկների, իսկ նրանք, ովքեր այս գործում անձնական շահ կհետապնդեն, օրենքով սահմանված կարգով կարժանանան համապատասխան վերաբերմունքի»,- գրում է նախարար Բաթոյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







