ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախատեսում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296 բանաձևը։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Բանաձևի ընդունման դեպքում Ներկայացուցիչների պալատը առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, միջոցներ ձեռնարկել դրա ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել ցեղասպանության վերաբերյալ տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը:
Ամերիկահայ կառույցները ողջունում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից այս փաստաթղթի ընդգրկումը Կոնգրեսի օրակարգում՝ կոչ անելով կողմ քվեարկել այս բանաձևին:
Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը նշում է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից 296 բանաձևի ընդունմամբ, որին աջակցում են երկու կուսակցությունները և որով հաստատվում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, վերջապես ճիշտ ուղու վրա է դրվում Ամերիկայի դիրքորոշումը մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված այս կարևոր հարցում։
Համաձայն աղբյուրի հաղորդած տեղեկությունների՝ բանաձևի շուրջ քվեարկությունը նախատեսվում է երեքշաբթի երեկոյան:
Ըստ Արամ Համբարյանի՝ բանաձևի ընդունումը հնարավորություն կտա հակազդել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն այս հարցում, ինչպես նաև կնպաստի Հայաստանի անվտանգության ուժեղացմանն ու Թուրքիայի հետագա զարգացմանը: Համբարյանի կարծիքով՝ բանաձևի ընդունումը կարևոր է նաև Մերձավոր Արևելքում Թուրքիայի որդեգրած մտահոգիչ քաղաքականությանը հակազդելու տեսանկյունից:
«Այս բանաձևի ընդունումն ազդակ կհանդիսանա Էրդողանին, որ Ամերիկան այսուհետ չի պատրաստվում քողարկել և աչք փակել իր բռնի գործողությունների վրա»,- ընդգծել է Արամ Համբարյանը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևի ընդունմանը աջակցում է նաև Ամերիկայի հայկական համագումարը, Ամերիկայի ազգային ինստիտուտը
Հիշեցնենք, որ Թուրքիան պաշտոնապես դեմ է բանաձևի ընդունմանը և ժխտում է ցեղասպանության փաստը: Ամերիկացի օրենսդիրների կարծիքն այս հարցի շուրջ կպարզի վաղվա քվեարկությունը՝ Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







