Երևանի կենդանաբանական այգու տարածքում այսօր՝ նոյեմբերի 1-ին, գրանցվել է թափառող շների կողմից այգու կենդանիների վրա հարձակման հերթական դեպքը։
Այսօր առավոտյան՝ ժամը 06:00-ի սահմաններում, գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը: Թափառող շների ոհմակը հարձակվել է այգում պահվող 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա: Գրանցվել է կենդանիների անկում: Շներին բռնել չի հաջողվել:
Այգու կենդանիների վրա հարձակման առաջին դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում։ 5-6 թափառող շներ հարձակվել են Կենդանաբանական այգում պահվող 3 կարմրավիզ կենգուրուների վրա: Հարձակման հետևանքով կենդանիների անկում է գրանցվել:
Կենդանաբանական այգու հարակից տարածը հետազոտելու և թափառող շների ոհմակը հայտնաբելու նպատակով «Թափառող շների վնասազերծման կենտրոն»-ի աշխատակիցներն ուղարկվել են Կենդանաբանական այգի։ Իրականացված աշխատանքների արդյունքում դեռևս որևէ կենդանի կամ ոհմակ չի հայտնաբերվել։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թափառող շների վնասազերծման կենտրոնի (ՀՈԱԿ) տնօրեն Արմեն Բեգոյանը։
Արմեն Բեգոյանի խոսքով՝ հարձակում գործած ոհմակին դեռևս չի հաջողվել գտնել, սակայն իրականացվում են անհրաժեշտ բոլոր քայլերը ոհմակին հայտնաբերելու ուղղությամբ։
Հարցին՝ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում թափառող շներին վնասազերծելու և վերջիններիս դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ, Կենտրոնի տնօրենը նշեց, որ վերջին վեց ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում պատվաստվել և վնասազերծվել են Երևան քաղաքում թափառող շների 60 %-ը և մինչև տարեվերջ այն կհասնի 70 %-ի։
Արդեն կա կենդանիների վրա հարձակման երկու դեպք և չի բացառվում, որ կրկին հարձակում կիրականավի։
Հարցին՝ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում կենդանիների պաշտպանության ուղղությամբ՝ Բեգոյանը նշեց, որ Կենտրոնն իր լիազորության շրջանակներում անում է ամեն ինչ կենդանիների պաշտպանության ուղղությամբ։
«Այժմ ուսումնասիրվում է Կենդանաբանական այգու և դրա հարակից տարածքը՝ հարձակում գործած ոհմակին հայտնաբերելու համար։ Այս պահի դրությամբ որևիցե ոհմակ կամ թափառող շուն չի հայտնաբերվել»,- ընդգծել է Արմեն Բեգոյանը։
Հարցի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև կենդանաբանական այգուց. մեզ հայտնեցին, որ
այգին պարսպապատված չէ և այս հարցը 8 տարի շարունակ բարձրաձայնվել է, սակայն որևէ լուծում չի տրվել։
Քաղաքապետարանը պարսպի կառուցման հարցի վերաբերյալ արձագանել է և նշել է, որ 2020 թվականին կսկսվի պարսպի կառուցման աշխատանքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







