Նոյեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա է գտնվել նոր՝ Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացման արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Ըստ պաշտոնական հայտարարության՝ կենտրոնի գլխավոր ուղղություններից է վահանաձև գեղձի հիվանդությունների, մասնավորապես՝ չարորակ ուռուցքների ախտորոշումը և բուժումը: Բուժումն իրականացվելու է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ կապարապատված հիվանդասենյակներում, եվրոպական չափորոշիչներին համապատասխան:
Նոր կենտրոնն ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ:
Նիկոլ Փաշինյանը կենտրոնի ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել ստեղծված պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը:
Նշենք, որ կենտրոնն աշխատելու է ժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ գերմանական SIEMENS ընկերության արտադրության Գամմա խցիկով (SPECT), որը աշխարհում միջուկային բժշկության մեջ կիրառվող նորագույն ախտորոշիչ սարք է: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել ոչ միայն վահանաձև գեղձի, այլև մյուս օրգանների ուռուցքային հիվանդությունները, ինչպես նաև սրտանոթային և ոսկրային խնդիրները: Հետազոտություններն իրականացվելու են ռադիոակտիվ իզոտոպներով:Հաշվի առնելով բժշկության այս բնագավառի առանձնահատկությունները՝ բժիշկների կողքին աշխատելու են նաև հատուկ վերապատրասված միջուկային ֆիզիկներ:
Կենտրոնը ղեկավարելու է ռադիոլոգ Նատալյա Շենգելիա-դե Լանգեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







