Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա բարեկամներին և հարազատներին: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Մենք կորցրինք ուժեղ, իմաստուն, հմայիչ, իսկապես մեծ մի կնոջ, որը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու ու ընտրած գործին անձնուրաց նվիրումի վառ օրինակ է», -նշել է Արմեն Սարգսյանը։
Արմեն Սարգսյանը նշել է, որ Գոհար Վարդանյանը Հայաստանի մեծ հայրենասեր էր և հատուկ վերաբերմունք ուներ հարազատ Գյումրիի նկատմամբ։
ՀՀ նախագահը նշել է, որ ողջ աշխարհում հայտնի հետախույզ հայ ամուսիններ Գոհար և Գևորգ Վարդանյանները դեռ կենդանության օրոք դարձան լեգենդ՝ հավերժ մնալով համաշխարհային պատմության մեջ:
«Մշտապես կհիշենք այս յուրահատուկ զույգի, նրանց փառահեղ ու հերոսական կյանքի, բարի գործերի և ողջ աշխարհի խաղաղության գործում ունեցած մեծ ներդրման մասին»,- ասվում է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







