ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է«Լրատվական 106․5 ռադիո»-ի կայքում հրապարակված «Սաբոտաժ Կրթության նախարարությունում. դադարեցվել է «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը» ռադիոեթերումհնչած մտքերին։
Հաղորդման ժամանակ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանը մասնավորապես նշել է. «ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրեց «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը: Սա, թերևս, վարչապետ Փաշինյանի ասած սաբոտաժի դասական օրինակն է»:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ այսպիսի հայտարարություն է անում մի մարդ, ում կազմակերպությունը ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 միլիոն դրամի գումար՝ երեք մարզում 284 նոր լաբորատորիա ստեղծելու համար, ով իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը չորս ամսում:
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հարգելի անդամներ, ձեր գործընկերոջ շարունակական նման պահվածքը ձեզ այլևս անվստահելի գործընկեր է դարձնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար»,- գրել է ԿԳՄՍ նախարարը։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ ԿԳՄՍՆ-ն հավատարիմ է Հայաստանի բոլոր դպրոցներն ինժեներական լաբորատորիաներով հագեցնելու իր հանձնառությանը` կլինի դա ԻՏՁՄ-ի, թե այլ կազմակերպության հետ:
«Ստորև բերված հայտարարությունների «լրջության» մասին խոսում է այն փաստը, որ եթե 2019-ին ինժեներական լաբորատորիաների բյուջեն կազմել է 352 միլիոն դրամ, ապա 2020-ին՝ 671 միլիոն»,- եզրափակել է Արայիկ Հարությունյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







