13 տարի առաջ այս օրը՝ հունվարի 19-ին, Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» խմբագրատան ճանապարհին սպանվեց Հրանտ Դինքը։
Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է, մնում էր հանգիստ։ Դինքը զբաղվել է Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր։
Հայոց ցեղասպանության հարցում, թուրքական իշխանությունների տեսակետին հակադրվելու համար Դինքը բազմիցս հալածանքների է ենթարկվել։ 2005 թվականին դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության։
Դինքի սպանությունը ստիպեց իր իսկ կողմից հիմնված պարբերականի խմբագրատան շենքի մոտ հավաքված բազմահազարանոց ամբոխին միաձայն բացականչել՝ «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»:
Սպանությունն իրականացնելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ժամանակ խոստովանել է իր մեղքը։ Չնայած նրան, որ Սամաստը խոստովանել է իր մեղքը՝ այնուամենայնիվ Դինքի սպանության բոլոր մանրամասները դեռ չեն բացահայտվել։ Սպանությունից անցել է 13 տարի, բայց դեպքի առթիվ հարուցված դատական գործը դեռ չի ավարտվել։ Դինքի սպանության հրահրման և կազմակերպման մեջ մեղադրվում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հրանտ Դինքի սպանության օրն ամեն տարի Թուրքիայում և աշխարհի տարբեր ծայրերում ապրող բազմաթիվ հայեր ոգեկոչում են վերջինիս հիշատակը։ Այս տարի ևս բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն Թուրքիայի մի շարք քաղաքներում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Կանադայում և այլն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







