Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կիպրոսի իշխանություններին՝ Էլենի Թեոխարուսին ձերբակալելու և Ադրբեջանին արտահանձնելու համար:
Այս մասին հունվարի 23-ին հայտարարություն է տարածել Կիպրոսի Հայ Դատի հանձնախումբը:
«Ադրբեջանի բռնատիրական վարչակարգը, հավատարիմ մնալով իր բիրտ ու դաժան գործելաոճին, քաղաքական գործիչ, Կիպրոսի «Ալիլլենկիի» կուսակցության նախագահ և Հայ Դատի բարեկամ, դոկտոր Էլենի Թեոխարուսին ձերբակալելու և արտահանձնելու դիմում է ներկայացրել Կիպրոսի իշխանություններին։
2015-ին, նույն անհիմն սադրանքով, Բաքուն դիմել էր Interpol-ին, այն ամբաստանությամբ, որ նա հակաօրինական միջոցներով այցելել է Արցախ։ Այսօր, նույն մեղադրանքը, ամբաստանագրի միջոցով, հանձնել է Կիպրոսի ոստիկանությանը։
Կիպրսի Հայ Դատի Հանձնախումբը, դատապարտում է Բաքվի սպառնալիքները, իր զորակցությունը հայտնելով դոկտոր Էլենի Թեոխարուսին, որի անխոնջ աշխատանքը, մեծապես նպաստել է Հայ ժողովրդի դատին»,- նշվում է հայտարարության մեջ։
Էլենի Թեոխարուսը բազմաթիվ անգամ այցելել է Արցախ ու անգնահատելի օժանդակութուն է բերել Արցախի դատին, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր է ։ Նա Ստեփանակերտի պատվո քաղաքացի է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







