Երեկ, օգոստոսի 31-ին Հոնկոնգում բողոքի նոր ալիք է սկսվել, որն արտահանձման մասին օրենքի դեմ մի քանի հազար հակառակորդներ է հավաքել:
Ցուցարարները դյուրավառ խառնուրդով շշեր են կիրառել, աղյուսներ, կազմակերպել վանդալիզմի ակտեր:
Տեղի ոստիկանության կողմից ցուցարարների դեմ կիրառվել են արցունքաբեր գազ, մահակներ և ջրցան մեքենաներ։
Փողոցային անկարգությունների և ոստիկանության հետ բախումների արդյունքում տուժել է մոտ 30 ցուցարար, որոնցից 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Հաղորդվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով կիրակի օրը կփակվեն Հոնկոնգի մետրոպոլիտենի մի քանի կայաններ:
Նշենք նաև, որ ցուցարարները նաև փորձ են արել արգելափակել դեպի օդանավակայան տանող հասարակական տրանսպորտը:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ից Հոնկոնգում չեն դադարում բողոքի ակցիաները: Քաղաքացիները բողոքում են իշխանությունների հակաժողովրդավարական կեցվածքի դեմ. Խոսքը առնչվում է արտահանձման մասին օրենքի ընդունմանը, ըստ որի տեղի կառավարությունը կարող է իրականացնել արտահանձման գործընթաց անգամ այն երկրների հետ, որոնց հետ հետ համապատասխան պայմանագիր կնքված չէ, այդ թվում` Չինաստան:
Նշենք, որ օրինագիծը հանվել է օրակարգից, սակայն հակակառավարական ցույցերի մասնակիցները նոր պահանջներ են առաջ քաշում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







