Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը RT Arabic-ին, Sky News-ին և Al Arabiya-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայում անօրինական գտնվող բոլոր օտարերկրյա ուժերը պետք է լքեն նրա տարածքը: Հարցազրույցից քաղվածքները հրապարակվել են RT կայքում։
«Բոլոր նրանք, ովքեր գտնվում են ցանկացած այլ պետության տարածքում, տվյալ դեպքում՝ Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում, և ոչ լեգիտիմ են, պետք է լքեն այդ տարածքը: Դա վերաբերում է ընդհանրապես բոլոր պետություններին, եթե ապագա ղեկավարությունը՝ Սիրիայի լեգիտիմ ղեկավարությունը, ասի, որ այն այլևս ռուսական զինված ուժերի ներկայության կարիքը չունի, ապա դա իհարկե կվերաբերվի նաև Ռուսաստանի Դաշնությանը»,— ասել է նա։
Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ այդ հարցը ներկայումս բացարձակապես բաց քննարկվում է Ռուսաստանի բոլոր գործընկերների հետ:
«Ե՛վ իրանցի գործընկերների, և՛ թուրք գործընկերների, ինչպես նաև մեր ամերիկացի գործընկերների հետ բազմիցս այդ մասին խոսել ենք։ Սիրիայի տարածքը պետք է ազատագրվի օտարերկրյա ռազմական ներկայությունից , և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է լիովին վերականգնվի», — հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






