Հոկտեմբերի սկզբին Իրաքում ծայր առած բողոքի ակցիաների հետևանքով զոհվել է 149 քաղաքացիական և 8 ուժային կառույցների ներկայացուցիչ: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, տուժածների թիվը հասել է 3 500-ի: Ականատեսների պնդմամբ` նման թվաքանակը պայմանավորված է ավելորդ ուժի կիրառմամբ և իրավապահ մարմիների՝ պարետային ժամ հաստատելու անկարողությամբ: Միևնույն ժամանակ աղբյուրը նշում է, որ վերևից ցուցարարների նկատմամբ կրակ բացելու հրաման չի եղել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրաքի մի շարք շրջաններում սկսվել են հակակառավարական ցույցեր՝ որպես աղքատության, գործազրկության և կոռուպցիայի դեմ բողոքի նշան: Բաղդադի, ինչպես նաև երկրի հյուսիսային և հարավային շրջանների բնակիչները պահանջում էին կառավարության հրաժարականը: Արդյունքում խաղաղ բնույթ ունեցող ցույցերը շատ արագ վերածվեցին ոստիկանների և մյուս ուժայինների հետ բախումների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







