Մարդկությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում պետք է նույնպիսի համախմբվածություն դրսևորի, ինչպես 20-րդ դարում, երբ սառը պատերազմի պայմաններում Ռուսաստանի և ԱՄՆ գիտնականները համատեղ աշխատում էին ծաղիկ հիվանդության համաճարակը հաղթահարելու ուղղությամբ։ Այս մասին չորեքշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է առողջապահության ոլորտում ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը
Ռայանը հիշեցրել է ԱՀԿ-ի ղեկավարության բազմաթիվ հայտարարությունների մասին, որ «Համերաշխությունը կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի միակ ճանապարհն է»: Նա պատմել է, որ փետրվարի 11-ին ինքը ռուս և ամերիկացի գործընկերների հետ քննարկել է ծաղիկ հիվանդության լիկվիդացման 40-ամյակը նշելու ծրագրերը:
«Մենք խոսել ենք այն հերոսների մասին, ովքեր արդեն հեռացել են կյանքից, սառը պատերազմի թեժ պահին համատեղ աշխատած սերնդի մարդկանց մասին՝ չնայած գաղափարական ու աշխարհագրական սահմաններին։ Անհավանական հնարավորություն էր, որ այդ գիտնականները միասին աշխատեցին հանուն խաղաղության, չնայած աշխարհում առկա սուր լարվածությանը», — ասել է Մայքլ Ռայանը։
«Կարծում եմ, որ մենք պետք է դասեր քաղենք նրանց աշխատանքից։ Հնարավոր է, որ մենք այժմ կանգնած ենք նույն մարտահրավերի առջև. պետք է մի կողմ դնել տարաձայնությունները և միասին պայքարել այդ կորոնավիրուսի դեմ», — հայտարարել է առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների ԱՀԿ ծրագրի տնօրենը:
Ժնևում փետրվարի 11-12-ը տեղի է ունեցել գլոբալ ֆորում 2019-nCoV կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների մշակման համար: Համաժողովին մասնակցել են շուրջ 400 փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







