Թուրքական ուժերը Սիրիայում նոր՝ «Խաղաղության աղբյուր», ռազմական գործողություններն են սկսել հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զորքերն առաջին ժամերին հարվածներ են հասցրել 181 օբյեկտի։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը։
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի քրդական կազմավորումները հայտարարել են, որ թուրքական զորքերն ավիահարված են հասցրել այն բանտին, որտեղ ԻՊ ահաբեկիչներ են պահվում։
Սիրիայում կրակի տակ են նաև հայաբնակ բնակավայրերը։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ։
«Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է»,- նշել է Մխիթար Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ Սիրիա«Խաղաղության աղբյուր» գործողությունը սկսվել է թուրքական ՌՕՈՒ-ի ավիահարվածներից՝ քրդական ուժերի դիրքերի ուղղությամբ: F-16 ինքնաթիռները հարվածներ են հասցրել Ռաս-էլ-Աին բնակավայրի շրջանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







